Ո՞վ է փաստաբանը:
Փաստաբան է համարվում այն անձը, ով օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր,փաստաբանների պալատի անդամ է և տվել է երդում։ Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու։
Ո՞վ կարող է դիմել փաստաբանին:
Փաստաբանին կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ: Ֆիզիկական անձանց թվին դասվում են ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակվող քաղաքացիություն չունեցող անձիք և օտարերկրյա պետության քաղաքացիները:
Իրավաբանական անձիք բաժանվում են առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների:
Ի՞նչ իրավունքներ ունի փաստաբանը:
Փաստաբանը մասնավորապես իրավունք ունի՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաև ներկայացնելու վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.
օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ.
դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պաhանջով։ Նշված մարմիններն ու կազմակերպությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս.
պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավելու` իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցեր պարզաբանելու համար:
Արդյո՞ք հնարավոր է միջամտել փաստաբանի գործունեությանը:
Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների և հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:
Փաստաբանը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, ներառյալ՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս դատարանում, հետաքննության, նախաքննության և այլ մարմիններում հայտնած կարծիքի և դիրքորոշման համար:
Արդյո՞ք փաստաբանի ծառայությունների դիմաց պետք է վճարել:
Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց։
Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով։